|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի, սենատոր Էնթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ:
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական սատարման համար՝ շեշտադրելով հարաբերությունների ընդլայնման ու զարգացման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ Կալիֆորնիայի կողմից ԱՀ անկախության ճանաչման 2014թ. բանաձևը ոչ միայն քաղաքական ակտ էր, այլև՝ պատուհան է բացել գործնական համագործակցության համար, որի ուղղությամբ արցախյան կողմը պատրաստ է հստակ միջոցներ ձեռնարկել:
Ադրին Նազարյանը և Էնթոնի Փորթանթինոն պատրաստակամություն են հայտնել բոլոր հնարավոր ձևաչափերով խորացնել առկա հարաբերությունները:
Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի քաղաքների հետ համագործակցության եզրերի շուրջ՝ երկուստեք կարևորելով և՛ նյութատեխնիկական աջակցությանը, և՛ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը: