|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ից յոթ քաղաքական գործիչների, կազմակերպությունների, իրավապաշտպանների եւ հետազոտողների դեմ Չինաստանի պատժամիջոցները չեն կանգնեցնի Վաշինգտոնին, իր հերթին նա կշարունակի Պեկինի դեմ պատժամիջոցների իր քաղաքականությունը: Այս մասին ուրբաթ լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք, իհարկե, տեղյակ ենք այն հաղորդագրություններին, որ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել: Մեզ հետ չեն պահում այդ գործողությունները, մենք լիովին հավատարիմ ենք մնում ԱՄՆ պատժամիջոցների ոլորտում բոլոր համապատասխան լիազորությունների իրականացմանը»,- ասել է նա:
Նրա հաստատմամբ, Պեկինի կողմից հայտարարված պատժամիջոցները «օրինակ են այն բանի, թե ինչպես է Պեկինը պատժում մասնավոր անձանց, ընկերություններին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` դրանով իսկ քաղաքական ուղերձ հղելով եւ էլ ավելի ցուցադրելով ՉԺՀ-ում ներդրումների մթնոլորտի վատթարացումը եւ քաղաքական ռիսկերի ավելացումը»:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ յոթ քաղաքական գործիչների, կազմակերպությունների, իրավապաշտպանների եւ հետազոտողների, այդ թվում՝ առեւտրի նախկին քարտուղար Ուիլբուր Ռոսի դեմ: Ցանկում ներառված են նաեւ ԱՄՆ Կոնգրեսին կից ԱՄՆ-Չինաստան տնտեսական եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Քերոլին Բարթոլոմեյը, Չինաստանի հարցով ԱՄՆ Կոնգրեսի գործադիր հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Սթիվերսը, Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի ավագ ղեկավար Ադամ Ջոզեֆ Քինգը, Human Rights Watch-ի Չինաստանի հարցերով տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը եւ Հոնկոնգի Ժողովրդավարական խորհուրդը:
Հուլիսի 16-ին Միացյալ Նահանգները հայտարարել է Չինաստանի յոթ պաշտոնյաների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների մասին՝ Հոնկոնգում տիրող իրավիճակի պատճառով: Ցուցակում ընդգրկված են Հոնկոնգում Չինաստանի Կենտրոնական ժողովրդական կառավարության գրասենյակի ղեկավարի տեղակալները: