|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը մարտի 22-ին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման երկրի նախագահին վիրավորելու համար. հաղորդում է Hürriyet-ը:
Սելահաթթին Դեմիրթաշը, որն օնլայն մասնակցել է Ստամբուլի 46-րդ ընդհանուր իրավասության դատարանի նիստին, դատապարտվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար: Դատախազության մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին «Դեմիրթաշը (Ստամբուլի) Աթաթուրքի անվան օդանավակայանում մամուլի հայտարարություններ է արել ընդդեմ այն ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի»:
Դեմիրթաշի հայտարարությունները դուրս են գալիս կարծիք, բացատրություններ կամ քննադատություններ հայտնելու շրջանակներից, ուստի չեն տեղավորվում «Խոսքի ազատության մասին» մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում. ասվում է մեղադրական եզրակացության մեջ:
Դատարանը դատապարտել է Դեմիրթաշին երեք տարվա ազատազրկման նախագահին վիրավորելու համար՝ վեց ամիս ավելացումով, քանի որ «հանցագործությունը կատարվել է հրապարակային»: