|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրույցի սկզբում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի:
Նախագահ Սարգսյանն այնուհետև ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքն իրականում ոչ միայն պաշտպանական նպատակներով է օգտագործվում, ինչպես նախկինում հավաստիացնում էր իսրայելական կողմը, այլև՝ հարձակողական: Այդ զինատեսակները լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով և քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ հանգեցնելով մարդկային բազմաթիվ զոհերի ու հսկայական ավերածությունների:
Նախագահ Սարգսյանը բոլոր չափանիշներով անընդունելի է համարել զենքի շարունակական մատակարարումը՝ ընդգծելով, որ այն լրջորեն կարող է վտանգել հայ-իսրայելական հարաբերությունները: Նա հորդորել է Իսրայելի նախագահին՝ օգտագործել ազդեցությունն իր երկրի կառավարության վրա՝ անհապաղ դադարեցնելու զենքի մատակարարումներն Ադրբեջանին:
Նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ հայկական կողմի մտահոգություններն ու դիտարկումներն արտացոլել է նաև նախագահ Ռիվկինին ուղղված նամակում:
Նախագահ Ռիվկինը պատրաստակամություն է հայտնել իր երկրի կառավարության հետ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել հայկական կողմի բարձրացրած հարցերը: