|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն երրորդ օրն է` Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտերը. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՀ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ամբողջ գիշեր շփման գծի գրեթե ամբողջ բնագծով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես կցանկանայի առանձնացնել հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությունները», - նշեց Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են սեպտեմբերի 27-ին, սակայն արդեն հաջորդ օրը լուսաբացից Պաշտպանության բանակը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ հաջողություններ, առաջխաղացում:
«ՊԲ-ն կարողանում է ինտենսիվ կասեցնել բոլոր այն հարձակվողական գործողությունները, որոնք իրականացնում է Ադրբեջանի բանակը: Մենք գիտենք, որ Ադրբեջանում գտնվում են թուրքական զինուժի մեծ ստորաբաժանումներ, և դրանց աջակցությամբ է Ադրբեջանը փորձում հաջողություններ ունենալ: Ուզում եմ հայտարարել, որ անցած գիշեր Ադրբեջանի կողմից բոլոր հարձակումները ձախողվել են, և Ադրբեջանի բանակն այս պահին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ», - ասաց Պողոսյանը:
Բանախոսը հավելեց, որ պայքարը շարունակվելու է, բայց Արցախը ինչպես տասնամյակներ շարունակ, այսօր էլ խաղաղության կողմնակից է: «Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով», - ընդգծեց նա: