|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանը դեսպանություններում մշտական առևտրային ներկայացուցիչների կարիք չի տեսնում, հարցերը կլուծվեն դիվանագիտական ներկայացվածության միջոցով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցին:
Պատգամավորը հիշեց, որ դեռ 2 տարի առաջ հայտարարվել էր, որ ՀՀ դեսպանություններին կից պետք է ստեղծվի առևտրային կցորդների նոր ինստիտուտ, նա հետաքրքրվեց գործընթացներով:
«Եկել ենք այն եզրակացության, որ ժամանակակից աշխարհում կոմունիկացիոն եղանակներն այնպիսին են, որ որևէ երկրում մարդու ֆիզիկական մշտական ներկայություն ապահովելը՝ Հայաստանում առկա բիզնեսի շահերն աշխարհով ներկայացնելու համար, այլևս արդյունավետ չէ: Եվ մենք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ եկել ենք այն եզրակացության, որ ամբողջ աշխարհում մեր դիվանագիտական ներկայացվածությունը կամուրջ է մեր կողմից նկատված հարցերը տվյալ շուկաներում լավագույն ձևով փոխանցելու, այնտեղ եղած գործընկերներին խնդրի քննարկմանը միացնելու և հարցեը լուծելու համար: Մենք չենք ունենա մշտական առևտրային ներկայացուցիչներ դեսպանատներում »,-ասաց նախարարը:
Նա նշեց՝ Հայաստանում կհավաքագրվեն խնդիրները, թիրախային աշխատանք կտարվի այն ուղղությամբ, որտեղ ներդրումների համար հետաքրքրություն ներկայացնող միավոր կա: Մյուս կողմից, արտերկրում եղած պոտենցիալը դեպի Հայաստան կուղղորդվի: Ընդ որում՝ երկու դեպքում էլ բիզնես միություններն ակտիվորեն կօգտագործվեն որպես կամուրջ և հարթակ: