|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ:
Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: Ընթացքի մեջ են նաև մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էական փոփոխություններ են բերելու մեր հարկային համակարգում և ընդհանրապես եկամուտների հայտարարագրման ոլորտում: Ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, թե ինչի համար են այս փոփոխություններն արվում և ինչ նպատակի են ծառայելու:
Ըստ էության՝ այս փոփոխություններն արվում են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները: Եվ ես կարծում եմ, որ այս նախաձեռնություններով ընդհանուր առմամբ պետք է փոփոխության ենթարկվեն, կրկին ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վերաբերյալ մեր ընկալումները և պատկերացումները: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այն համախառն գումարն է, մեր ազգային պետական այն գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցներ: Եվ երբ ամեն առիթով, հասկանալիորեն և արդարացի կերպով բարձրացվում են տարաբնույթ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային հարցեր, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված են նրանից, թե մեր հանրապետությունը և պետությունն ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում քաղաքացիները և կառավարությունը, և ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունը և քաղաքացիները:
Հաջորդիվ ներկայացվել է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ընդհանուր նկարագիրը: Անդրադարձ է եղել հայեցակարգի ներդրման նպատակներին, առաջարկվող ժամանակացույցին, հաշվետվողականության ու վերահսկողության մեթոդաբանությանը, հարկաբյուջետային ազդեցությանը:
Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմներին, անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմին, շահառուների տարբեր խմբերի հայտարարագրման առանձնահատկություններին, անհատական հայտարարագրման մշակույթի ձևավորմանը, համատարած հայտարարագրման ազդեցության գնահատմանը, համակարգի ներդրման շուրջ քննարկումների անցկացմանը վերաբերող և այլ հարցեր: Ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ: