|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին է փոխանցել իր մտահոգությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է մարտի 12-ի երեկոյան, ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, միջազգային տնտեսական, համաճարակային վիճակը, եղանակային պայմանները և մի շարք այլ գործոններ մեծացնում են իրավիճակի ապակայունացման հավանականությունը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը՝ նոր սադրանքները բացառելու առումով:
Դեսպան Կասպրշիկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքերը գործադրել լարվածության թուլացման ուղղությամբ իր միջնորդական առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են նաև գերության և անազատության մեջ պահվող քաղաքացիների հետ կապված հումանիտար հարցեր: