|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 25-ին ընդունել է SRK Consulting ընկերության հանքերի փակման, շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի գծով փորձագետներին՝ ծրագրի տնօրեն և համակարգող Ջեֆ Փարշլիի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
SRK Consulting ընկերությունը հանքերի փակման և տնտեսական վերականգնման հետազոտություն է իրականացնում Հայաստանում, Վրաստանում և Ղրղզստանում՝ նպատակ ունենալով գնահատել դրանց սոցիալական, բնապահպանական, տնտեսական ազդեցությունները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ փոխնախարար Լիլիա Շուշանյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է նման փորձառու թիմի կողմից այս ուսումնասիրության իրականացումը մի հարցում, որտեղ Հայաստանը ևս համակարգի կատարելագործման կարիք ունի:
Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում փակման ծրագրերին վերաբերող օրենսդրական դաշտը և անդրադարձել նորմատիվ-իրավական դաշտի այն կարգավորումներին, որոնց ուսումնասիրությունը խմբի կողմից կարող է օգտակար լինել: Մասնավորապես, շեշտադրվել են հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների փակման ծրագրերի կառուցվածքին, բովանդակության նկատմամբ պահանջների որոշակիացման անհրաժեշտությանը, հանքերի փակումից հետո վերահսկողության գործընթացին և մի շարք այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Միևնույն ժամանակ Շուշանյանը ընդգծել է փակման պլանի՝ որպես նոր ներդրումային ծրագրի ներկայացման հնարավորությունը ուսումնասիրելու հարցը:
Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են իրենց առաջիկա անելիքները: Նշել են, որ նաև նախատեսվում է Երևանում անցկացնել աշխատաժողով՝ Հայաստանի, Վրաստանի և Ղրղզստանի շահառուների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի հարցի վերաբերյալ խմբի ուսումնասիրությունը:
Փոխնախարար Լիլիա Շուշանյանը հաջողություն է մաղթել փորձագիտական խմբին իրենց աշխատանքներում և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների շրջանակում աջակցել գործընթացին: