|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն Է իրականացրել Երևան-Սևան ավտոճանապարհին: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ:
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը:
Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը:
Հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ոչ սթափ վիճակում գտնվող, միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք:
Ուղղաթիռի ներգրավվածությունը օգնում էր ճանապարհային ոստիկանությանը հայտնաբերել նաև օրինախախտ այն վարորդներին, որոնց կատարած խախտումների պահին այդ վայրում չկար ճանապարհային ոստիկանության կարգախումբ:
ՀՀ ոստիկանության ու «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության համագործակցության շրջանակում ուղղաթիռներ կկիրառվեն ոչ միայն ճանապարհային ոստիկանության ծառայության, այլև ոստիկանության այլ միջոցառումների ընթացքում:
Հուլիս-օգոստոս ամիսներին՝ հատկապես հանգստյան օրերին ու Վարդավառին սպասվում է հովեկների մեծ հոսք դեպի Սևանա լիճ:
Քաղաքացիների անվտանգ հանգիստը ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրերին ուղղաթիռներ ներգրավել ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում: