|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար:
«Լեոնարդո» ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին են ներկայացրել ցուցադրվող իրենց արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները:
Նախագահ Սարգսյանն այնուհետև առանձնազրույց է ունեցել «Լեոնարդո» -ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:
Պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության ու աերոտիեզերական արդյունաբերության մեջ մասնագիտացած «Լեոնարդո» ընկերությունն իր արտադրությունում լայնորեն կիրառում է բարձր տեխնոլոգիաները, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության զարգացմանը:
Նախագահ Սարգսյանն ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։