|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սենատոր Ռոբերտ Մենենդեսը` Նյու Ջերսիից, և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, տեխասցի սենատոր Թեդ Քրուզը Սենատում ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որի համաձայն` ճանաչվում և դատապարտվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:
Վերոհիշյալ բանաձևին կողմ է եղել 14 սենատոր:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատորներին՝ նշելով, որ այդ բանաձևը վերջ կդնի Ցեղասպանության միտումնավոր ժխտմանը։
Սենատոր Ռոբերտ Մենենդեսի կարծիքով` Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը քննարկման ենթակա չէ։ Նա մասնավորապես նշել է. «Միայն Ցեղասպանության փաստի ճանաչումից հետո մենք կկարողանանք լիահույս լինել, որ ապագայում նման երևույթները կկանխվեն»:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նոր բանաձև: Բանաձևին կողմ էր քվեարկել 70 կոնգրեսական: Ըստ բանաձևի` Վաշինգտոնի քաղաքականության մեջ առաջարկվել է մտցնել մի շարք նոր դրույթներ, այդ թվում` այն միջոցները, որոնք ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության ճանաչման որոշակի քայլերի իրականացմանը։
Բանաձևի հեղինակները միևնույն ժամանակ կոչ են անում ԱՄՆ իշխանություններին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կասեցնել այս հանցագործությունը ժխտելու բոլոր փորձերը, ինչպես նաև գիտակցել Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման անհրաժեշտությունը`ապագայում նման երևույթները կանխելու նպատակով: