|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում:
«Նախագահական համերգաշարը» մեկնարկել է այսօր մեծանուն դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով:
Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ և Սվետլանա Նավասարդյանի համաձայնությամբ համերգը նվիրվել է բոլոր մայրերին, քույրերին ու դուստրերին:
Համերգի ավարտին նախագահ Սարգսյանն ասել է. «Թույլ տվեք ձեր բոլորի անունից մեր խորին շնորհակալությունը և սերը հայտնել Սվետլանա Նավասարդյանին՝ նրա մեծ արվեստի և երկար տարիների անխոնջ աշխատանքի, նվիրումի և համաշխարհային ու հայկական մշակույթի մեջ հսկայական ներդրման համար»:
Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն:
Երեկոյին աջակցել է «Կոնվերս» բանկը: