|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնող 17 կապալառու ընկերություն 1.5 մլրդ դրամից ավելի գումար չեն ստացել իսպանական ընկերությունից: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
«Խոսքը Տրանշ-2-ին է վերաբերում՝ Աշտարակ-Թալին հատվածին: Կապալառու իսպանական ընկերությունն ունեցել է հայկական ենթակապալառու ընկերություններ և նրանց հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի օգնեն իրենց այդ ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնելու հարցում: Նրանք օգնել են, իրականացրել են որոշակի ծավալի աշխատանքներ, սակայն իսպանական ընկերությունը չի վճարել այդ հատվածի աշխատանքների իրականացման համար: Այն ստացականները, որոնք ստացվել են իսպանական ընկերության վերահսկող ինժեներական ընկերության կողմից, որոնք տրվել են նախարարությանը, և ապացուցվել է, որ այդ աշխատանքը կատարվել է, դրա դիմաց իսպանական ընկերությունը վճարել է: Թե ինչ պատճառով նա չի վճարել ենթակապալառուներին, մեզ հայտնի չէ: Այնուամենայնիվ, մենք բազմիցս կոչ ենք արել, որ գործընկերային հարաբերություններում վճարումն իրականացվի, և այդ ընկերությունները, որոնք օգնել են շինարարության հարցում, կարողանան իրենց աշխատակիցներին վճարել»,- նշեց նախարարը՝ շեշտելով, որ պետությունն իր պարտավորություններն ամբողջապես կատարել է:
Հակոբ Արշակյանը հայտնեց, որ իսպանական ընկերությունն ունի սնանկության կառավարիչ, որի հետ բանակցություններ են տարվում: «Առաջիկայում սպասվում է նաև սնանկության կառավարչի այցը Հայաստան, որպեսզի բանակցությունները շարունակվեն»,- ասաց նա: