|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի:
Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարևոր է մեր երկրի համար: Նախագահի խոսքով՝ տնտեսական աճը, կայուն և արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են: Համաշխարհային բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրերը պետք է միտված լինեն առկա խնդիրների լուծմանը այդ գործիքների միջոցով:
Սիլվի Բոսութղոն նշել է, որ պատրաստվում է Հայաստանի հետ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Այն խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում և բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում:
Երկրի ապագայի համար կարևորելով բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ համատեքստում իր ջանքերն ուղղված են բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների խրախուսմանը և այստեղ կա արդյունավետ գործակցության մեծ ներուժ: