|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են այն խոսակցություններին, թե Քոչարյանն է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսողն ու տարածողը:
«Մտքեր հնչեցին, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև նրա փաստաբաններն են գաղտնալսել, տարածել: Ուղղակի շատ կարճ ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, որևէ այլ մեկնաբանություն չտամ»,- ասաց փաստաբան Արամ Օրբելյանը: Ըստ նրա` անհեթեթությունները ենթակա չեն հետագա մեկնաբանման:
Փաստաբաններից Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ գաղտնալսման հետ այնքան կապ ունի, որքան այստեղ նստած յուրաքանչյուր մարդ` այն տարբերությամբ, որ գաղտնալսման բովանդակությունն է նրան անմիջապես վերաբերում:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ էր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնել, որ գաղտնալսումն արվել է Քոչարյանի կողմից:
Լրագրողների հարցին, թե, պաշտպանների կարծիքով, ո՞վ կարող էր գաղտնալսել ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին, պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ դա կարող էր արվել ԱԱԾ–ի ներսից»։