|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` իր քաղաքական փորձն ու գիտելիքները նոր սերնդին փոխանցելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահը մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որում նախագահը նշել էր՝ եթե ի վերջո որոշեն, որ վարչապետի պաշտոնում առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին:
«Քաղաքականության մեջ սերնդափոխությունը, սերունդների համերաշխությունը, փորձի փոխանցումը ավագ սերնդից երիտասարդ սերնդին շատ կարևոր է, որովհետև աշխարհի ժողովրդավարական պետություններում պետական համակարգերը միշտ կայացել են ավագ սերնդի և կրտսեր սերնդի փորձի փոխանակման միջոցով»,- նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով` որևէ մեկը մեկ օրում պատրաստի պետական առաջնորդ չի դառնում: «Ո′չ Վլադիմիր Պուտինն է մեկ օրում պետական առաջնորդ դարձել, ո′չ Ֆրանկլին Ռուզվելտը, ո′չ էլ Բարաք Օբաման: Այստեղ շատ կարևոր է տարբեր սերունդների փորձի փոխանակումը` պետական գաղափարախոսության, պետական մտածողության, պետական գործչի անելիքների, պետության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը իր ողջ քաղաքական կապիտալը, կուտակած փորձն ու իմաստությունը պատրաստ է փոխանցել նոր սերնդին»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: