|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ճանապարհաշինարարության և հիմնանորոգման ոլորտում որակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ:
Ըստ վարչապետի` ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարհաշինարարության և հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացը իրականացվում է առանց որակավորման ինստիտուտի ներդրման, ինչի արդյունքում նախագծման, տեխնիկական հսկողության, շինարարական աշխատանքները առաջացնում են խնդիրներ: Եվ այդ խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով գնումների ընթացքում պետք է ներառել որակավորման ինստիտուտը:
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, ֆինանսների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում պետական գնումների նախաորակավորման ինստիտուտ ներդնելու վերաբերյալ առաջարկություններ:
Կարապետյանը հստակեցրեց` ինչի մասին է խոսքը. «Այս մոտեցմանը դեմ է հիմնականում ֆինանսների նախարարությունը` մտահոգություն ունենալով, որ կարող է բաց թողնենք էժան լուծումները: Բայց մենք ունենք փաստեր, որ, առանց որակավորման, հաղթում են տենդերը անհասկանալի կառույցներ, որոնք համապատասխան հմտություններ չունեն»:
Վարչապետը նշեց, որ ինքը հիմա այցելում է բոլոր գերատեսչություններ, և առկա է մի քանի հայտանիշ, որով գնահատվում է գերատեսչությունների աշխատանքը: Դրանցից մեկը գնումների գործընթացն է` տարբեր տարիների համեմատության մեջ: Ըստ նրա` օպտիմալացման մեծ տեղ կա: