|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներառել է որոշման փոփոխություն, որն ուղղված է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման գործընթացի կատարելագործմանը:
Ըստ հիմնվորման, ՀԷՑ-ը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության միջև գործառույթների օպտիմալացման նպատակներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին համապատասխան որոշման մեջ:
Շինմոնտաժային աշխատանքների կատարման ընթացքում առաջանում է նախագծից բխող որոշակի փոփոխությունների կատարման կարիք փաստացի աշխատանքներում, որոնք չփոխելով կոնցեպտուալ լուծումները՝ որևէ կերպ առնչություն չեն ունենում անվտանգության խնդիրներին: Այդ դեպքերում աշխատանքի կազմակերպման, օպտիմալացման և ինքնարժեքի չբարձրացման նպատակով ընդունելի է այդ աշխատանքները կատարել առանց նախագծահաշվային փաստաթղթերի փոփոխությունների: Սակայն այն աշխատանքների մասով, որոնք պետք է ընդունվեն Տեսչության կողմից, պահանջվում է սկզբնական նախագծահաշվային փաստաթղթեր և փաստացի կատարված աշխատանքների լիարժեք համապատասխանեցում, որը հանգեցնում է անհիմն ծախսերի և աշխատանքների կատարման ժամկետների երկարաձգման:
Բացի այդ, գործող կարգով պահանջվում է Տեսչության աշխատակցին ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, ինչը ՀԷՑ ՓԲԸ-ի աշխատանքի կազմակերպման տեսանկյունից խիստ անարդյունավետ է, քանի որ փաստաթղթերը կազմվում են Երևանում, իսկ աշխատանքներն իրականացվում են ՀՀ ողջ տարածքում:
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման գործընթացի կատարելագործում: