|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին:
Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Նախագահը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, և որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել մեծ մշակութային ժառանգություն ու ուրույն ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:
«Գիտեմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու ըմբոշխնելու Ձեր արվեստի, Ձեր տաղանդի առանձնահատուկ մի դրսևորում, որտեղ միահյուսվում են երաժշտությունն ու գրականությունը: Վստահ եմ, որ Ձեր մասնակցությունը Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը միշտ մնալու է հայ հանդիսատեսի հիշողության մեջ»,-ասել է Հանրապետության Նախագահը և հույս հայտնել, որ Հայաստան թեև կարճատև այցելությանը՝ Ջոն Մալկովիչը հնարավորություն կունենա տեղում ավելի լավ ճանաչելու Հայաստանն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և տաղանդաշատ մարդկանց մշտապես ակնածանքով վերաբերվող հյուրընկալ հայ ժողովրդին:
Ջոն Մալկովիչը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ խոսքերի, հյուրընկալության, ինչպես նաև այն աջակցության ու ուշադրության համար, որ Նախագահը հատկացնում է մշակույթի զարգացմանը, այդ թվում ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, որի հետ համագործակցության շրջանակներում է ժամանել Հայաստան: Հայտնի արվեստագետը նշել է, որ անհամբեր է Երևանում ներկայացնելու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը և հույս է հայտնել, որ այն սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից: