|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարությունը եզրակացություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է դեղերի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը կհանգեցնի դեղերի որոշակի էժանացման, դեղերը, համապատասխանաբար, կդառնան ավելի մատչելի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բնակչության առողջապահական վիճակի վրա:
Գործադիրն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի իր առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ, կնվազեն պետբյուջեի եկամուտները:
Անդրադառնալով օրինագծին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է ուշադիր լինել ընդհանրապես հարկային արտոնություն տալու բանաձևի նկատմամբ, հատկապես, որ իրականացվում է սոցիալապես խոցելի խավերին աջակցելու քաղաքականություն: Վարչապետն առաջարկել է ձևավորել նախաձեռնող խմբերի հետ հանդիպելու և կառավարության տեսակետը ներկայացնելու պրակտիկա:
Հավանության է արժանացել նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Օրինագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: Կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ, ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրների իրագործմանը: