|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ազատ Սիմոնյանի եղբոր՝ Արթուր Սիմոնյանի ծնվելու լուրն անտարբեր չի թողել ոչ ոքի:
Yerkir.am-ի հետ զրույցում Ազատի քույրը՝ Հռիփսիմեն, պատմեց, որ երեկ գիշերը հիվանդանոց են այցելել ապրիլյան պատերազմում զոհված այլ զինծառայողների ծնողներ՝ իրենց ընտանիքի հետ կիսելու ուրախությունը:
«Զոհված տանկիստ Նորիկ Գասպարյանի մայրն իմացել էր, որ Ազատին եղբայր է ծնվել, միանգամից եկել էին հիվանդանոց: Մենք նրանց չէինք ճանաչում, հաճելի էր նրանց այցը: Ծանոթ-անծանոթ եկել էին` մեզ շնորհավորելու»,- ասաց Հռիփսիմեն:
Նշենք, որ Ազատ Սիմոնյանը երկու քույր ունի: Արթուրը ծնվել է մյուս քրոջ՝ Ջեմմայի ծննդյան օրը:
«Չենք համակերպվում, որ մնացել էինք երկու քույրիկով: Ազատը մեր հանդեպ շատ ուշադիր էր, հիմա էլ մենք պետք է ուշադիր լինենք Արթուրի հանդեպ, մինչև նրան մեծացնենք»,- ասաց Հռիփսիմեն:
Մեզ հետ զրույցում Ազատի հայրը հայտնեց, որ նորածին որդին նման է Ազատին, իսկ երեխայի անունն ընտրել են քույրերը:
«Մի բան կփոխի երևի երեխան: Ազատն իր տեղն ուներ, Արթուրն էլ իր տեղը կունենա: Ինչ-որ բան կփոխվի երևի…»,- ասաց Ազատի հայրը՝ Քաջիկ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ազատ Սիմոնյանը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր: