|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի` Մյասնիկ Հովհաննիսյանի առողջական վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր ևս գնահատում է միջին ծանրության։ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Yerkir.am-ին տեղեկացնում են, որ մասնագետները դրական են համարում, որ 33-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։
Նշենք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։ Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։
Մալայանի հաղորդմամբ` վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։ «Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,-հերթական զննումը կատարելուց հետո ասել է պրոֆեսորը։
Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։