|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեփարդոնը արտաքսվել է երկրից: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հայտարարել է, որ Դեփարդոնը արդեն ազատ է արձակվել՝ երկրից դուրս գալու պայմանով: Նա Գազիանթեփից մեկնել է Ստամբուլ, որտեղից հունիսի 9-ի երեկոյան ինքնաթիռով ուղևորվել է Փարիզ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ երեկ Twitter-ում կատարած գրառման մեջ նշել է. «Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ մեր հայրենակից, ֆոտոլրագրող Մաթիաս Դեփարդոնն այս երեկո կժամանի Ֆրանսիա»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել էր ֆրանսիացի լրագրողին հնարավորինս արագ հայրենիք ուղարկել․ տեղեկացնում է Ermenıhaber-ը։
37-ամյա ֆոտոլրագրող, «National Geographic» ամսագրի թղթակից Մաթիաս Դեփարդոնը ձերբակալվել էր մայիսի 8-ին՝ Բաթմանի Հասանքեյֆ շրջանում և այնուհետև տեղափոխվել Գազիանթեփ: Ավելի ուշ նա հացադուլ էր հայտարարել և դադարեցրել էր հացադուլը միայն այն ժամանակ, երբ տեղեկացել էր, որ հյուպատոսին թույլ կտրվի այցելել իրեն:
Ֆրանսիացի լրագրողը Թուրքիայում մեղադրվում էր առանց լրագրողական քարտի գործունեություն ծավալելու մեջ: Իսկ «Ֆրանս-պրես» գործակալության (AFP) համաձայն՝ Դեփարդոնը ձերբակալվել էր «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա անելու» մեղադրանքով: