Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-06-06 13:17
Հասարակություն

Արհեստագործական ուսումնարան կամ քոլեջ լինելով` բուժական գործ են առաջարկում. մասնագիտությունները կվերանայվեն

Արհեստագործական ուսումնարան կամ քոլեջ լինելով` բուժական գործ են առաջարկում. մասնագիտությունները կվերանայվեն

Ուսումնարանների դեպքում նույնպես կլինի օպտիմալացում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ միջին մասնագիտական համակարգում լուրջ խնդիր ունեն` այստեղ ինչ-որ հատուկ շերտ է ձևավորվել, որը համարում է, թե իրենք իրենց ընտանիքով պետք է այդտեղ «ապրեն», և դա իրենց սեփականությունն է: Ավելին, Մկրտչյանի խոսքով, նրանք անկեղծորեն վիրավորվում են, երբ ասում ես` սա պետական սեփականություն է:

«Բացի այդ` միջին մասնագիտական հաստատությունների` ուսումնարանների հատվածի հետ խնդիր ունենք, որովհետև քոլեջները եվրոպական ծրագրերով ինչ-որ ձևով կարողացանք փրկել: Իսկ ուսումնարանների մեծ մասն անմխիթար վիճակում է, և հիմա դիտարկում ենք դրանց  շենքային խոշորացման հարցը: Այսինքն` եթե շենքային պայմանները 1000-1200 երեխայի համար են նախատեսված, բայց այնտեղ ընդամենը 200-300 երեխա է սովորում, պետք է այդ ուսումնարանն օպտիմալացնենք: Եթե մի քանիսը խոշորացնենք, երեխաները կկարողանան թե՛ ուսումնարանների կրթություն ստանալ, թե՛ միջին մասնագիտական: Աշխարհի բոլոր երկրներում դրանք համատեղ համալիրներ են»,- ասաց ԿԳ նախարարը:

Նա տեղեկացրեց նաև, որ Եվրամիության հետ կա արդեն պայմանավորվածություն` գյուղատնտեսական մասնագիտությունների գծով քոլեջային համակարգի ուժեղացման համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի:

Սակայն, ինչպես նշեց նախարարը, կա նաև մեկ այլ խնդիր` «բժշկական» միջին մասնագիտական հաստատություններն են: «Մի շարք քոլեջներ արդար չեն ժողովրդի հանդեպ. մեկ էլ տեսնում ես` արհեստագործական քոլեջ լինելով, բուժական գործ են առաջարկում: Այստեղ արդեն մասնագիտությունների վերանայման խնդիր կա»,- ասաց Մկրտչյանը:  

Ըստ նրա` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման առաջին փուլում շատ ակնառու դեպքերը կօպտիմալացնեն, իսկ երկրորդի ժամանակ ֆինանսական ներդրման խնդրի հարցը կլուծեն: ԿԳ նախարարի խոսքով` հիմնական խնդիրը շենքային պայմաններն ու լաբորատորիաների բացակայությունն են: Շատ քիչ քոլեջներ ունենք, որոնք, ըստ նախարարի, զինված են ժամանակակից տեխնիկայով, իսկ մյուսներում երեխաները ԽՍՀՄ հաստոցների վրա են աշխատում: