Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-05-05 15:53
Տարածաշրջան

Թուրքիայի վերաքննիչ դատարանը մերժել է Wikipedia-ի արգելափակման դեմ բողոքը

Թուրքիայի վերաքննիչ դատարանը մերժել է Wikipedia-ի արգելափակման դեմ բողոքը

Անկարայի վերաքննիչ քրեական դատարանը մերժել է հանրահայտ Wikipedia ինտերնետային հանրագիտարանի արգելափակման դեմ համանուն հիմնադրամի ներկայացրած բողոքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrat Haber լրատվակայքը:

Ըստ Ermenihaber-ի՝ կայքի արգելափակման որոշումն առաջինը բողոքարկել էին պրոֆեսոր Յաման Աքդենիզը և դոցենտ Քերեմ Ալթըփարմաքը: Այնուհետև նշյալ որոշումը բողոքարկել էր նաև Wikipedia-ին առընթեր հիմնադրամը:

Աքդենիզի և Ալթըփարմաքի բողաքարկման արդյունքում պարզվել է, որ ինտերնետային խոշորագույն հանրագիտարանը Թուրքիայի տարածքում արգելափակվել է ընդամենը երկու հոդվածի պատճառով: Դրանք են՝ «Foreign involvement in the Syrian Civil War / Արտաքին ներգրավվածությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին»  և «State-sponsored terrorism/ պետության կողմից հովանավորվող ահաբեկչություն» հոդվածները:

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհրդի նախագահ Ֆաթիհ Սայանն ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի անտեսելու Թուրքիայի դատարանների որոշումները: «Առանց դատական որոշման Wikipedia-ի հասանելիության վերականգնումը հնարավոր չէ»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի վաղ առավոտից Թուրքիայում արգելափակվել է աշխարհում ամենահայտնի ինտերնետային ազատ հանրագիտարանի՝ Wikipedia-ի մուտքը: Այս մասին համապատասխան դատական որոշում չէր կայացվել, սակայն Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը տեղեկացրել էր, որ կայքի նկատմամբ վարչական միջոցներ են կիրառվել: