|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Խմբում ընդգրկված են ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչները: Խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ինչպես նաեւ ապահովել բանավոր եւ գրավոր բողոքների պատշաճ քննարկումը:
Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաեւ իրավական խորհրդատվության եւ քաղաքացիների ընդունելության, ինչպես նաեւ արագ արձագանքման այցերի համար: Բողոքների եւ հրապարակումների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության ներքո կլինեն լրագրողների եւ դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: Խմբի առաջնահերթ խնդիրն է սերտ համագործակցել ընտրական գործընթացին ներգրավված՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ:
Աշխատանքային խմբին հանձնարարված է նաեւ ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական մարմինների հետ: Ինչպես մշտապես, այնպես էլ ընտրական ողջ գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի անաչառության, հրապարակայնության ու թափանցիկության եւ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված մյուս սկզբունքների հիման վրա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ