|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ-ում մեկնարկել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտի օրենսդրական դաշտում առկա թերությունների և հակասությունների հստակեցմամբ, ուղղված է համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման գործընթացների պարզեցմանը, ինչպես նաև այդ եկամուտների ավելացմանը:
«Օրենքի նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի և տեղական վճարների հստակ ցանկ: Նախագծով սահմանվել է տեղական տուրքի 18 տեսակ և տեղական վճարի 20 տեսակ: Հստակեցվել և սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, ինչպես նաև այդ դրույքաչափերի մասով գոտիավորման սկզբունքի վերաբերյալ կարգավորումը: Գոտիավորման սկզբունքով առաջնորդվելու վերաբերյալ` նախագծով առաջարկվում է այն կիրառել 10.000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար, ընդ որում՝ տարբեր տեղական տուրքերի և վճարների համար հնարավորություն տալով սահմանել տարբեր գոտիավորումներ՝ դրույքաչափերի տարբեր գործակիցների կիրառմամբ: Բացի վերը նշված փոփոխություններից, օրենքի նախագծով փոփոխություններ են կատարվել տեղական տուրքի, վճարի հաշվարկման, գանձման, տեղական տուրքի, վճարի արտոնությունների, ավել մուծված գումարների հետ վերադարձման հետ կապված իրավակարգավորող դրույթներում»,- ներկայացրեց նախարարի առաջին տեղակալը:
Ըստ փոխնախարարի՝ նախագիծը դրական ազդեցություն ունի թե՛ ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից, թե՛ շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից:
«Օրենքների ընդունման արդյունքում ակնկալվում է հստակորեն սահմանել և տարանջատել «տեղական տուրքեր» և «տեղական վճարներ» հասկացությունները: Նպատակն է վեր հանել տեղական տուրքերի և վճարների հետ կապված` ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները և բացերը»,- ասաց նա՝ հավելելով, որ նախատեսվում է միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի և վճարների տեսակների նկատմամբ, դրանց դրույքաչափերը սահմանելիս կհստակեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները: