|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ երեկ ՀՀԿ խորհրդի նիստում Վարդան Այվազյանի և Կարեն Կարապետյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Նա նշեց, թե քննարկվում էր` ո՞վ պետք է զբաղվի գազի սակագների իջեցման հարցով` կառավարությո՞ւնը, թե՞ համապատասխան հանձնաժողովը:
«Որևէ հակասություն չի եղել, առողջ մթնոլորտում եղել է քննարկում, և այնտեղ խմբագրական բավականին խնդիրներ կան /«Ժողովուրդ» թերթի հրապարակման մասին է խոսքը- խմբ./: Որևէ սուր, նման տիպի արտահայտություն չի արվել»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ Վարդան Այվազյանը ողջունել և գովեստի խոսքերով է սկսել իր ելույթը:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հնարավոր է` Գագիկ Բեգլարյանը նոր կուսակցություն հիմնի, Բաղդասարյանն ասաց. «Ի՞նչ եք ուզում այդ մարդուց: Գագիկ Բեգլարյանը երեկ եղել է մեր գործադիրի նիստին` շատ բարձր տրամադրությամբ: Նա իր մնայուն և ուրույն տեղն ունի Հանրապետական կուսակցությունում: Այդ խոսակցությունները վառ երևակայություններ են»,- ասաց նա:
Դիտրակմանը, թե մինչև վերջերս Վիկտոր Դալլաքյանը նախագահի աշխատակազմի տեղակալն էր, իսկ հիմա նոր կուսակցություն է հիմնելու, Բաղդասարյանն արձագանքեց. «Սպասենք, երբ այդ մարդիկ կունենան իրենց կուսակցությունները, նոր կանդրադառնանք դրան: Հիմա Բեգլարյանը նման մտադրություններ չունի»:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակման, երեկ ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ ցանկանում են գազի սակագինն իջեցնել: Սրան ի պատասխան, պատգամավոր Վարդան Այվազյանն արձագանքել էր, թե կառավարության գործառույթների մեջ դա չի մտնում: