|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 որոշմամբ` հոկտեմբերի 7-ը ՀՀ-ում նշվում է որպես Գրադարանավարի օր:
ՀՀ մշակույթի նախարարությունը Գրադարանավարի օրվա կապակցությամբ իրականացնում է «Դարձիր գրադարանի բարեկամ» խորագիրը կրող ծրագիրը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Միջոցառումներին իրենց բազմաբովանդակ ծրագրերով մասնակցում են Հայաստանի Հանրապետության շուրջ 200 գրադարաններ: Ծրագրի շրջանակում կանցկացվեն վերջին 25 տարիներին հրատարակված գրքերի ցուցադրություններ, հանդիպումներ մարզերի, համայնքների` գրական ոլորտում ստեղծագործողների հետ: Հոկտեմբերի 7-ին գրադարաններում կամփոփվի սեպտեմբերի 1-ին մեկնարկած` համայնքային և զորամասերի գրադարանների գրքային հավաքածուների համալրման նպատակով իրականացվող նվիրատվության նախաձեռնությունը: Կանցկացվեն նաև մեծարման ցերեկույթներ` նվիրված վաստակաշատ գրադարանավարներին:
Այս տարի ծրագրին միացել են նաև ԼՂՀ հանրապետական և քաղաքային ութ գրադարաններ:
Արդեն ավանդական դարձած այս ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել սահմանամերձ համայնքային և զորամասերի գրադարանները գրքային հավաքածուներով համալրելու գործին:
ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար, մարզային և համայնքային գրադարանների մի շարք աշխատակիցներ կպարգևատրվեն նախարարության պարգևներով: