|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կարծիքով` արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձեռքբերումն այն է, որ «այս դժվարին ժամանակահատվածում» կարողացել է երկխոսել բոլոր ուժերի հետ:
«Նա կարողացավ լինել բաց և ազատ աշխատող վարչապետ, կարողացավ նոր մշակույթ ձևավորել` ավելի ժողովրդավար, ավելի ժամանակակից մոտեցումներով: Իհարկե, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը բաժին հասավ շատ ծանր, դժվար ժամանակահատված ՝ տնտեսության զարգացման առումով, սակայն ես կարծում եմ, որ նա ամեն ինչ արեց, որ երկիրը զարգացնի: Հովիկ Աբրահամյանը պետական լրջագույն գործիչ է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը` հավելելով. «Պետք է բոլորս համախմբվենք նախագահի շուրջ»:
Պատգամավորը վստահ է, որ Հովիկ Աբրահամյանն առիթ կունենա կրկին ծառայելու Հայաստանին և ժողովրդին:
Խոսելով վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանից սպասվող ակնկալիքների մասին` Բաբայանը նշեց, որ նրա մասին միայն դրական բաներ է լսել: «Հասարակության կողմից էլ նա ընկալվում է որպես դրական կերպար: Մնացյալն արդեն ժամանակը ցույց կտա»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին` եթե իրեն նախարարի պաշտոն առաջարկեն կհամաձայնի՞, Բաբայանը պատասխանեց. «Եթե լինի այն ոլորտը, որտեղ ես կարող եմ ծառայել և օգուտ տալ մեր երկրին, այլ ոչ թե ինքնանպատակ նախարար դառնալ` նախարար դառնալու համար, կհամաձայնեմ: Եթե հանրապետության նախագահը կգտնի նման անհրաժեշտություն, ես պատրաստ եմ ծառայել մեր երկրին»: