|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ իրականացվող Զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման, բարեվարքության սկզբունքների ամրապնդման, մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված տարատեսակ համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը: Շնորհավորելով դեսպան Ավակովին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը կներառի նաև նոր ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, առաջիկա համապետական ընտրություններին զինծառայողների ընտրելու իրավունքի պատշաճ երաշխավորումը:
Դեսպան Ավակովն իր հերթին վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը դեսպան Ավակովին մաղթել է հաջողություններ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում: