|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած՝ Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Նախարարը հետաքրքրվել է հիվանդի բուժման վարման ընթացքով, զրուցել նրա հետ: Հայաստանից ժամանած բժիշկները ռուս մասնագետների հետ քննարկել են հիվանդի բուժման ռազմավարությունը և հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ տուժածն ուներ կոնքոսկրերի և անրակի կոտրվածքներ: Նրան նոյեմբերի 9-ին վիրահատել էին, վիրահատությունը հաջող էր անցել: Բժիշկներն այս պահին նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:
Նշենք, որ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի շրջանակում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Դ. Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության ֆեդերալ գիտակլինիկական և ՌԴ Մոսկվայի Վ.Ի.Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնների նյութատեխնիկական հնարավորություններին և բժշկական ծառայությունների տեսակներին: Ուրվագծվել են համագործակցության հեռանկարները: