|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իշխանյանը նշեց, որ ֆիլմը սկսել է նկարահանել, երբ սովորում էր Վրաստանի Հանրային կապեր ինստիտուտում: Ֆիլմը ստալինյան ժամանակաշրջանում Իշխանյանի երկու մեծ պապերի գնդակահարության մասին է:
«Մոտ երկու տարի աշխատել եմ ֆիլմի վրա: Նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Երևանում, Գյումրիում և Թբիլիսիում: 35 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացնում եմ 1937 թվականի գործողությունները: Այդ թիվը ընտանիքների մեջ է փակված, և դրա մասին իրար մեջ են խոսում, հանրային վերաբերմունք, արձագանք չկա»,- ասաց Իշխանյանը:
Նա հույս ունի, որ ֆիլմը հնարավորություն կստեղծի, որ այդ թեման բացվի, մանավանդ` շատերի հետ ֆիլմի մասին խոսելիս նրանք էլ են սկսում պատմել իրենց նախնիների մասին: «Մի խոսքով` հույս ունեմ, որ ֆիլմը հնարավորություն կտա խոսելու 1937-ի մասին»,- ասաց Իշխանյանը:
Նա նշեց նաև, որ մեծ հաճույքով ֆիլմը կցուցադրեր Ռուսաստանում և հիմա ճանապարհներ է փնտրում:
Հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նրանից սպասենք նոր աշխատանքներ` ֆիլմի տեսքով, Իշխանյանը պատասխանեց` այո: «Երկու ամիս եմ վավերագրություն սովորել: Կարծում եմ` դեռ սովորելու շատ բան ունեմ և որոշ ժամանակ անց միայն կարելի է սպասել նոր աշխատանքներ»,- ասաց նա: