|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 26-ին լրանալու է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով մեղադրյալներ` Վահան Հակոբյանի (Գաստիկի), Սարգիս Գրիգորյանի (Ծգլ) և Սարգիս Հախանումյանի (Տլե) երկամսյա կալանքի ժամկետը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նախաքննություն իրականացնող մարմինը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հիշյալ մեղադրյալների կալանքի ժամկետները ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ երեք մեղադրյալները կալանավորվել էին մարտի 26-ին: Նրանց պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը բողոքարկել էին առաջին ատյանի որոշումները, սակայն վերաքննիչ դատարանը մերժել էր դրանք:
Մարտի 4-ին երեք դիմակավորված անձինք տարբեր տեսակի զենքերից կրակ էին բացել կալանավայրի ավտոկայանատեղիի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Հանցագործները դեպքի վայրում էին թողել զենքերը և փախուստի դիմել` շարժվելով Նուբարաշենի շենքերի ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: