|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վերհիշեց Շուշիի ազատագրման տպավորիչ պահերը և խոսեց Շուշիի ռազմավարական կարևորագույն նշանակության մասին:
«Շուշիի ազատագրումը մեծ նշանակություն ուներ: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Հենց ազատագրեցինք Շուշին, թշնամին ընկավ խուճապի մեջ: Շուշին դարեր ի վեր չէր ազատագրվել: Անգամ Անդրանիկ զորավարը պաշարել էր այն և չէր կարողացել ազատագրել: Ինչ-որ առումով` մենք զորավարի առջև էլ պարտք ունեինք` ազատագրել Շուշին»,- ասաց Միքայելյանը:
Նա նշեց, որ իր համար մեծագույն հպարտություն է այն, որ ինքն էլ է մասնակցել Շուշիի ազատագրմանը: «1992 թվականի մայիսի 7-ին հարձակվեցինք այնտեղ գտնվող հակառակորդների վրա, իսկ արդեն ամսի 8-ին ազատագրեցինք: Շուրջ 6 ժամանոց ռազմական գործողություններից հետո մենք ունեցանք 9 վիրավոր և մեկ զոհ: Ժամը մոտավորապես մեկին արդեն մենք ազատագրել էին մեր Շուշին»,- պատմեց Միքայելյանը:
Նա նշեց, որ այդ մարտական գործողությունների ընթացքում ինքը վիրավորվել է ոտքից: «Սկզբում մտածեցի, որ զրկվել եմ աջ ոտքիցս, բայց հետո արդեն, երբ զինակիցներս ուսերիցս բարձրացրեցին, որ հեռու տանեն կրակահերթից, հասկացա, որ, բարեբախտաբար, չեմ զրկվել»,- հիշեց ազատամարտիկը:
Սասուն Միքայելյանը հիշեց նաև իր մարտական ընկերներին: «Սուրեն Սարգսյանը, Ռուբիկ Գալստյանը և մեր մյուս մարտական ընկերներն ամեն ինչ արեցին, որ ազատագրենք Շուշին, որի ռազմավարական նշանակությունը շատ մեծ է: Բարձր դիրքով քաղաքը պաշարելը և ազատագրելը ռազմավարական տեսանկյունից էլ է մեծ ձեռքբերում»,- ընդգծեց նա: