Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-03-03 13:09
Տնտեսական

Գրողների միության անդամն ընտանիքի 14 անդամների հետ կանգնած է փողոցում հայտնվելու վտանգի առաջ

Գրողների միության անդամն ընտանիքի 14 անդամների հետ կանգնած է  փողոցում հայտնվելու վտանգի առաջ

Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Հովհաննես Ղազարյանն իր ընտանիքի 14 անդամներով, այդ թվում՝ վեց անչափահաս թոռները, 2-րդ կարգի հաշմանդամ որդին  ու հիվանդ կինը, հնարավոր է զրկվի տնից և հայտնվի փողոցում:

 

Հ. Ղազարյանը դեռևս 1996-ին դարձել է խարդախության զոհ և կորցրել Քաշաթաղում գտնվող իր տունը: Այնուհետև իր ընկերոջ` Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության սեփականատեր Արտաշես Սարգսյանի առաջարկով տեղափոխվել է տնտեսության տարածք` բնակության և աշխատանքի:

 

«2001թ. մենք տեղափոխվեցինք առաջարկված վայրը, ուր մեզ, որպես կացարան, հատկացրեցին փոքր ու կիսաքանդ մի շենք: Արտաշեսը շատ լավ մարդ էր, շատ է օգնել մեր ընտանիքին, սակայն երբեք տանից վտարելու հարց չի առաջացել, թեեւ փաստաթղթեր չունեինք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց բանաստեղծը:

 

Ղազարյանի խոսքով` 2013-ին Ա. Սարգսյանը մահացել է, իսկ մեկ տարի անց նրա կինը` Մանուշակ Սարգսյանը (որի անվամբ է տասնյակ հեկտարանոց տարածքը, ՍՊԸ-ն), Ղազարյանից պահանջել է դուրս գալ հաշվառումից և կարճ ժամանակահատվածում ազատել զբաղեցրած բնակարանը, քանի որ ինքը որոշել է այն վաճառել:

 

Թեև Ղազարյանը 10 տարուց ավելի է բնակվել է հիշյալ տարածքում, և բոլոր իրավական հիմքերը կան` դատարան դիմելու և տարածքն իր անունով սեփականաշնորհելու, սակայն նա հրաժարվում է այդ քայլին դիմել` պատճառաբանելով, որ անհարմար է: Փոխարենը բանաստեղծը պատրաստակամություն է հայտնել Մանուշակից գնել հիշյալ տարածքը: Սակայն, ըստ նրա, այս պահին դրա համար գումար չունի: Ղազարյանը մի քանի տարի ժամանակ է խնդրել մահացած ընկերոջ կնոջից` խոստանալով այդ ընթացքում գումար հավաքել և վճարել:

 

Նշենք, որ այս պատմության մասին տեղյակ են նաև Գրողների միությունում: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը դիմել է ԱԻՆ և տարածքային կառավարման նախարարություն Ղազարյանի ընտանիքին ժամանակավոր տնակ հատկացնելու խնդրանքով, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացվել: Ղազարյանի գրող ընկերներն էլ, իրենց հերթին, բանաստեղծին օգնելու համար հաշվեհամար են բացել: