|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հետևյալ բովանդակությամբ.
«Խորապես մտահոգված ու անհանգստացած եմ ՄԻ-24 հայկական ուղղաթիռի երեք հոգանոց երիտասարդ անձնակազմի ճակատագրով: Չզինված այս ուղղաթիռն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել էր նոյեմբերի 12-ին՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ:
Միջադեպից անցել է արդեն 8 օր, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ուղղաթիռին և դուրս բերել անձնակազմի անդամներին՝ չնայած այդ երկրին հայկական կողմի խնդրանքով դիմել են և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ավելին, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չի տվել նաև զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում:
Խոցված ուղղաթիռի անձնակազմին օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես Ժնևի կոնվենցիայի դրույթներին, այլև ոտնահարում է տարրական բարոյականության ու խղճի սկզբունքներն իսկ: Խոցված ուղղաթիռի օդաչուներին ժամանակին մոտենալու և բուժօգնություն ցուցաբերելու դեպքում բացառված չէ, որ նրանցից գոնե մեկի կյանքը հնարավոր լիներ փրկել:
Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ և նպաստել ուղղաթիռի անձնակազմի՝ հայկական կողմին վերադարձմանը, ինչպես նաև միջադեպի համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»: