|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովհաննիսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերին Վանաձորում տեղի ունեցած` հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի աղմկահարույց սպանության գործով առաջին դատական նիստը:
Երեկվա նիստում գործով ամբաստանյալ Կարեն Կունգուրցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը բացարկ է հայտնել մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանին: Պաշտպանի խոսքով` դատախազը նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով պատշաճ վերահսկողություն չի իրականացրել նախաքննության օրինականության նկատմամբ: Դատավոր Ն. Հովհաննիսյանը պաշտպանի միջնորդությանը կանդրադառնա հաջորդ դատական նիստում, որը նշանակվել է նոյեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ նախաքննության համաձայն` Կունգուրցևը 2013թ. ժամը 18-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանին` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, նրան պատճառել մարմնական վնասվածքներ, իսկ երբ Հովակիմյանի ընկերները օգնության են հասել, Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ և մահացել է:
Նշենք նաև, որ այսօր նույն դատարանում կքննարկվի Դավիթ Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ մեղադրվող` «Վանաձոր» ԲԿ-ի բուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը: