|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ևս 15 օրով երկարաձգել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը:
Նշենք, որ Արայիկ Պետրոսյանը 6 ամիս է, ինչ կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Yerkir.am-ի հետ զրույցում Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք դեռ չեն ստացել համալիր փորձաքննության արդյունքները:
Հարցին` միտումնավորություն տեսնո՞ւմ է` եզրակացության ձգձգման հետ կապված, չէ՞ որ նշանակված փորձաքննությունից անցել է ավելի քան երեք ամիս, պաշտպանը պատասխանեց, որ չի կարող միանշանակ պատասխանել: Փոխարենը նա նշեց, որ մինչ այժմ իր պաշտպանյալի հետ կապված ցանկացած գործողություն կատարվել է ցանկությունների դաշտում, և բացառված չէ, որ կալանքի երկարաձգումը ևս դրա արդյունքը լինի: Հովհաննիսյանի խոսքով` իր պաշտպանյալն ակնհայտ անմեղ է և որևէ առնչություն չունի իրեն մեղսագրված արարքի հետ: