|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ազատամարտիկների ավանդները փոխհատուցելը կարևորագույն սոցիալական խնդիրներից մեկն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Ըստ նրա` Հայրենական մեծ պատերազմի վետերանների և Արցախյան ազատամարտի մասնակիցների ավանդների փոխհատուցման սոցիալական նախագիծն արդեն կազմված է և կառավարության քննարկմանը կդրվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայանալիք բյուջետային քննարկումներից անմիջապես հետո:
«Այս փաթեթը վերաբերում է մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ներառյալ ավանդներ ներդրած ազատամարտիկներին: Փաթեթը արտոնություններ է նախատեսում նաև Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցածների համար»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
Հարցին, թե Արցախյան պատերազմին չմասնակցած, բայց պատերազմի մասնակցությունը վկայող փաստաթղթեր ունեցող ինքնակոչները նույնպե՞ս ստանալու են փոխհատուցում, պատգամավորը պատասխանեց, որ Հայաստանը փոքր երկիր է, և ազատամարտիկի կոչումը կրելու իրավունք չունեցողները շատ արագ կարող են բացահայտվել:
Հովհաննես Մարգարյանի խոսքերով` այս նախագծի առաջարկն արել են ազատամարտիկները: «Մենք չենք հերքում, որ մարդիկ, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն բոլորիս, այսօր արժանավայել կյանքով չեն ապրում, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ՀՀ կառավարությունն անտեսում է ազատամարտիկների խնդիրները և քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար»,- ասաց նա: