կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-05 11:42
Առանց Կատեգորիա

''Բնութագիր''՝ ըստ Վովայի

''Բնութագիր''՝ ըստ Վովայի

Հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած արյունալի միջադեպի համատեքստում մի տեսակ անուշադրության մատնվեց և մոռացվեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «բնութագիրը»՝ տրված Սյունյաց «փառապանծ» մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Միջադեպից ընդամենը մի քանի օր առաջ թերթերից մեկի («168 ժամ») լրագրողի հետ ճեպազրույցում ոստիկանապետը, ժխտելով, որ, մասնավորապես, Սյունիքում քրեածին մթնոլորտ է տիրում, անդրադարձել էր նաև այդ մարզի ղեկավարի կերպարին: Դիտարկմանը, թե Սյունիքում տեղի ունեցող միջադեպերի ժամանակ շատ հաճախ մարզպետի անունն է շրջանառվում, Վ. Գասպարյանն արձագանքել էր. «Մենք շփում ենք ունեցել մարզպետի հետ, ու կարծում եմ, որ մենք մի քիչ շատ չափազանցնում ենք: Ինքը ընդհանրապես գողական չի, ինքը մարզպետ ա»: Այսպես «բարձր» գնահատելով Սյունիքի մարզպետին՝ ոստիկանապետն այնուհետև հավելել էր. «Հավատացեք իմ խոսքին, ինքն այդպիսին ա»:

 

Հիմա, երբ գորիսյան ողբերգությունն արդեն տեղի է ունեցել, երբ զոհվել է քաղաքի գործարար մարդկանցից մեկը, երկուսի վիճակը ծանր է, իսկ նրանցից հայոց բանակի գնդապետը կռիվ է տալիս մահվան դեմ, հետաքրքիր է իմանալ՝ ոստիկանապետը նո՞ւյն կարծիքն ունի Սուրիկ Խաչատրյանի մասին, վերջինս իսկապե՞ս ընդամենը «մարզպետ ա», թե՞ նաև մեկ այլ բան: Իսկ գուցե քրիստոնեա-հանրապետական նորօրյա հավատամքի կոչ անող ոստիկանապետի կարծիքն արդեն փոխվե՞լ է, մանավանդ, որ մարզպետի և նրա մերձավորների բնակարաններից մեծ թվով զենք ու զինամթերք է առգրավվել նույն Վ. Գասպարյանի գլխավորած ոստիկանության ջանքերով:

 

Ուշագրավ է, որ ոստիկանապետը, Սուրիկ Խաչատրյանի գլխին «չարքաշ» մարզպետի լուսապսակ դնելով, այնուհետև սրտակեղեք հորդորել է՝ «հավատացեք իմ խոսքին»: Մեր աստվածավախ ոստիկանապետը գուցե այդ խոսքերն ասում էր՝ ինքն էլ հավատալո՞վ, որ դրանք լսելուց հետո գոնե Սյունյաց իշխանը «կհավատա-կփոխվի»: Գուցե: Մինչդեռ լիսկաները, ինչպես կենդանական աշխարհի ամենայն կենդանի արարածք, իրենց բնույթը սովորաբար չեն փոխում, եթե նույնիսկ նրանց լրիվ հակառակ «բնութագիր» է տրվում: Թեկուզև այնպիսի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ինչպիսին ՀՀ ոստիկանապետն է:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ