|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ջրամատակարարման հիմնախնդիրներին:
Նախագահ Սահակյանը ջրամատակարարումը, ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը եւ պահպանումը համարել է ռազմավարական այն ուղղությունը, որն առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին եւ հանդիսանում է երկրի անվտանգության առանցքային բաղադրամասերից մեկը:
Անդրադառնալով ոլորտում իրականացվելիք աշխատանքներին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի համալիր ծրագիր, որն օբյեկտիվորեն եւ ճշգրիտ կերպով կարտացոլի ներկա իրավիճակը, հանրապետության բոլոր բնակավայրերում ջրամատակարարման հետ կապված խնդիրները, եւ միաժամանակ, կնախանշի դրանց լուծման ուղիները: Նախագահը նշել է, որ լուծումների հիմքում պետք է ընկած լինեն առողջ տրամաբանությունն ու առաջնահերթությունները, որոնք հնարավորություն կտան համալիր կերպով բարելավել առկա իրավիճակը եւ կայուն հիմքեր ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: