|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեք-չորս օր առաջ Սեբաստիա փողոցի «Երեւան սիթի»-ից գնեցի նախակշռված կարտոֆիլ` ուրախացած, որ այն շուկայականից մոտ հարյուր դրամով էժան է: Սակայն մի քանի ժամից պարզվեց, որ Հայաստանում այդպես չի լինում, եւ սպառողը հավերժական խաբվող է: Խաբվող եւ անպաշտպան:
Առաջին հայացքից կարտոֆիլի ապրանքային տեսքը կասկածի տեղ չէր թողնում, ուստի կիլոգրամի մեջ 100 դրամ խնայելու միտքը, ինչպես նաեւ «կուլտուրական», նախակշռված եւ փաթեթավորված ապրանքը գայթակղիչ էր: Մարդիկ անգամ հերթ էին գոյացնում` ընտրելով ու լցնելով զամբյուղները: Մտածում էինք, թե առաջին անգամ առաջարկի ու պահանջարկի շուկայի օրենքն է գործել, որից շահում են ե'ւ ներկրողը, ե'ւ սպառողը:
Սակայն մեր ուրախությունը կարճ տեւեց: Պարզվեց, որ «Երեւան սիթի»-ից գնված կարտոֆիլը հնարավոր չէ շոգեխաշել, քանի որ երկու ժամ եռալուց հետո կարտոֆիլները քարացան, կծկվեցին, միջուկը սեւացավ ու քաղցրացավ: Համային հատկանիշներով, ասես, շագանակագույն շաքարի ճակնդեղ լիներ: Իսկ ով գոնե մեկ անգամ կարտոֆիլ է ցանել, կարող է ենթադրել, որ գնվածն իր որակով, իսկ ավելի ստույգ` անորակությամբ իրականում հին սերմացու է, որը գործածվում է իբրեւ խոզի կեր: