|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ:
Եռակողմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են նաև աշխատանքային ճաշի ժամանակ: Նախագահներն այնուհետև այցելել են Սոչիի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը:
Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011 թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում և հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:
Քննարկելով 2010 թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին.
1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը:
2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:
Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձևաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի: