|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ինչքան էլ ընտրական օրենսգիրքը լինի կատարյալ, լավ, բայց ցանկացած ընտրության համար ամենակարեւորը քաղաքական կամքն է»,- այսօր տեղի ունեցած Ընտրական օրենսդրության փոփոխությունները թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ իր համոզմամբ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները արդարության եւ թափանցիկության առումով մնացին անգերազանցելի` չնայած դրանք անցկացվեցին ԽՍՀՄ օրենսդրությամբ:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ քաղաքական կամք պետք է դրսեւորի նաեւ ընդդիմությունը:
ԿԸՀ փոխնախագահ, ՀՀԿ-ական Աբրամ Բախչագուլյանը, խոսելով նոր օրենսգրքի մասին, ասաց, որ նախատեսվում է տեսաձայնագրել քվեարկության ողջ գործընթացը: Նա դարձյալ բացառեց ընդդիմության պահանջը` քվեարկությունից հրապարակել ընտրացուցակները: Փոխարենը հայտնեց, որ մինչ ընտրությունը ցուցակները կտեղադրվեն ինտերնետում, եւ դրանք հնարավոր կլինի ներբեռնել:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցում է, որ իր վերաբերմունքը հայտնի «անարդար ընտրությունների հանդեպ»: Տիգրան Կարապետյանը իշխանական թեւի ներկայացուցիչներին զգուշացրեց. «Ժողովուրդը այն մասսայի հետ է, որը չի ընտրվում այդ տեխնոլոգիաներով, փող բաժանելով: Ես լինեմ, Պողոսը լինի, Պետրոսը լինի: Ընտրություններն ամբողջովին անարդար են, եւ փոքր բացառությամբ ընտրվում են եւ անարդարները: Արդար մասսան կուտակվում է խորհրդարանից դուրս»,- հայտարարեց Տիգրան Կարապետյանը: