Մի ամբողջ կյանք՝ փախեփախի մեջ
Անտեսված ձայներ

Բաքվից փախած, Սիրիայում խաղաղ կյանքի հույսով ամուսնացած Իլոնա Թովմասյանը ստիպված է կրկին ամեն ինչ սկսել զրոյից ՝ երեք երեխաներով ու առանց ամուսնու: Մինչև սիրիական պատերազմը ամուսնու՝ Հովսեփի հետ Քոբանիում տուն-տեղ էին դրել՝ իրենց երեք երեխաների ապահով ապագայի համար ոչինչ չխնայելով: Սեփական արհեստանոց ունեին: Ասում է` ամուսնուն՝ ավտոմեքենաների թափքի վարպետ Հովսեփին, Սիրիայի կեսը ճանաչում էր:
Քոբանիի տունն ու գործը թողեցին, երբ զինյալները մտան քաղաք… Ընտանիքը մեկ տարի շարունակ Թուրքիայում` Սուրուչի գաղթակայանում, վրանի տակ ապրեց: Այս տարվա ամռանը Քոբանին իսլամականներից արդեն ազատագրվել էր , բայց քաղաքում ամենուր դարանակալած զինյալներ էին ու ռումբեր՚: Ընտանքի հայրը ավագ որդու` Արամի հետ տունն ու խանութը «նայելու» էր գնացել, երբ բակ մտան զինյալներն ու տասնչորսամյա որդու աչքի առաջ սպանեցին հորը : Երիտասարդ ամուսնուն կորցնելուց հետո՝ Իլոնան իր համար փակեց դեպի Քոբանի ճանապարհը:
Քոբանիի քուրդ հարևանները զանգահարել են Իլոնային, խնդրել վերադառնալ, խոստացել են ՝ ամեն ինչ կանեն, որ կինը ամուսնու կորուստը, երեխաների հոգսը հեշտ հաղթահարի : «Լավ մարդիկ էին հարևաններս» , -ասում է կինը: Նրանցից դժգոհելու առիթ չունի, բայց հրաժարվում է կրկին Քոբան վերադառնալ: Իրենց ավերակ տան լուսանկարներն են հարևաններն ուղարկել. մեծ ու շքեղ տնից ոչինչ չի մնացել… Հիմա Քոբանիում միայն մի բան ունի` ամուսնու շիրիմը :
Լավ մարդկանց Իլոնայի ընտանիքը նաև Բաքվում է տեսել . Բաքվի ջարդերի ժամանակ Իլոնայի ծնողներին փրկել է ադրբեջանցի հարևանը, Նասիմինսկի շրջանի պաշտոնյայի անունը նա հիմա չի հիշում, բայց հենց նա է Իլոնայենց ընտանիքն անփորձանք հեռացրել Բաքվից; Ադրբեջանցի հարևանը վաճառել է նրանց` Բաքվի տունը վաճառել ու քառասուն հազար ռուբլին ձեռքին Թբիլիսիում հանդիպման եկել, փողը փոխանցել Իլոնայի ծնողներին: «Լավ մարդիքներ շատ կան »,- իր ադրբեջանցի, ապա քուրդ հարևաններին կինը հիշում է սիրով ու երախտագիտությամբ:
Մի քանի ամիս է, ինչ երեք երեխաների հետ հաստատվել է Հայաստանում: Փախստականի կյանքի դառնություն ապրած կինը միայն խաղաղություն է երազում, գոնե այստեղ հանգիստ շունչ քաշի: Նրա ցանկությունը մեկն է, ասում է. «Աստված չտա, հոստեղն էլ մի բան ըլլա, Ղարաբաղի հարցը լուծվի, կլսեմ` օրական երկու-երեք հոգի կմեռնին»:
Իլոնան աշխատանք է գտել, օրը 3500 դրամ է ստանում, գումարը միայն սնունդին է բավականացնում: Քոբանիի տաք եղանակից հետո երևանյան ցրտին փորձում են դիմանալ առանց ջեռուցման . մարտկոցները սառն են : Լավ է՝ բնակարանի վարձակալության գումարը ամերիկահայ մի բարերար ու «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն են վճարում: «Մինչև ե՞րբ»,- սարսափով հարցնում է Իլոնան : Բայց նրա հիմնական հոգսը ավագ որդին է ՝ Արամը. գիշերները չի քնում, դպրոց գնալ հրաժարվում է: Հոր սպանությունից հետո Արամը իրեն չի գտնում, դարձել է լռակյաց և ոչ ոքի հետ չի շփվում:
Իլոնան պատմում է, որ Արամը համաձայն է միայն ռազմական կրթություն ստանալ , որևէ այլ բանով զբաղվել չի ուզում: Հնգամյա Կարոն ու տասնյոթամյա Վարդուհին դպրոց են գնում: Երկուսն էլ հայերեն տառերը նոր են սովորում: Պստիկ Կարոն հայրիկին լավ է հիշում, փայփայում նրա գնած վերջին խաղալիքները : «Շատ լավ պապա էր երեխաների համար, նրանց համար ոչինչ չէր խնայում: Շատ դժվար է…»,- ասում է Իլոնան և և սրբում արցունքները:
Քառասուներեք տարեկան կինը մի քանի երկիր է փոխել, տներ կորցրել, փրկվել ջարդերից ու ռումբերից : Բայց նրա ցավը մեկն է ՝ թող ամեն ինչ կորցներ, ամուսինն իրեն մնար…
Ավելի մանրամասն՝ տեսանյութում:
Սաթեն Բալյան & Թագուհի Մելքոնյան