close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը Նյու Յորքում կտապալի ղարաբաղյան բանակցությունները

Թեմա

24 Սեպտեմբերի 2015, 18:25
 Ադրբեջանը Նյու Յորքում կտապալի ղարաբաղյան բանակցությունները

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր մեկնում են ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին: Նախատեսված է, որ Նյու Յորքում տեղի կունենա նրանց հանդիպումը ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցությունների շրջանակում, որի հիմնական նպատակը, ըստ էության, այս տարվա ընթացքում նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունները ճշտելն է:

Ի սկզբանե նախատեսված էր, որ Նյու Յորքում բանակցությունները տեղի կունենան ոչ թե արտգործնախարարների, այլ հենց նախագահների մակարդակով: Սակայն առ այս պահը ո'չ Երևանը և ո'չ էլ Բաքուն որևէ պարզաբանում դեռ չեն տվել, թե արդյո՞ք նախատեսված է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մեկնումը Նյու Յորք: Սա կարող է նշանակել, որ հարցը երկու կողմերի համար էլ մնում է անորոշ և, ըստ էության, կարող է կախված լինել արտգործնախարարների հանդիպման արդյունքներից:

Այնուամենայնիվ, ուշագրավ է մեկ հանգամանք. Էդվարդ Նալբանդյանի այցի մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնական պարզաբանման մեջ որևէ ակնարկ չկա, որ նա ելույթ է ունենալու ՄԱԿ ԳԱ նստաշրջանում, ինչը կարող է նշանակել, որ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մեկնելու է Նյու Յորք, և հենց նա է ելույթ ունենալու ՄԱԿ-ի ամբիոնից: Մինչդեռ` Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն` ՄԱԿ ԳԱ նստաշրջանում ելույթ է ունենալու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հետևաբար, ի սկզբանե Ալիևի այց Նյու Յորք նախատեսված չի եղել, և ի սկզբանե Բաքուն բացառել է ԱՄՆ-ում Սարգսյան-Ալիև բանակցությունների անցկացումը: Սա չի նշանակում, թե Ալիևի որոշումը չի փոխվի: Սակայն դրա հավանականությունը չափազանց փոքր է:  

Բացարձակ բռնատիրական համակարգի ձևավորման և մարդու իրավունքների ժողովրդավարական ազատությունների մասսայական խախտումների պատճառով Ադրբեջանի նկատմամբ վերջին շրջանում մեծացող արտաքին ճնշումները, որոնք աստիճանաբար հանգում են այդ երկրի նկատմամբ սանկցիաների կիրառման, լրջագույն հարված են հասցրել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերություններին: Բացի այն, որ, Նյու Յորք չմեկնելով, Ալիևը կարող է ցուցադրել Վաշինգտոնի վերաբերմունքից Բաքվի վիրավորվածությունը, Ալիևը չի կարող բացառել, որ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում կայանալիք երկկողմ կամ բազմակողմ անխուսափելի հանդիպումների ընթացքում իր առջև չեն բարձրացնելու Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակի խնդիրը, հատկապես` ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի կողմից այդ ընտրություններին դիտորդներ չուղարկելու, դրանով ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնելու բացահայտ դեմարշի ֆոնին:

Երկրորդ` Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցությունների շարունակումն իմաստ ունի միայն ռեալ առաջընթացի նախադրյալների պայմաններում: Իսկ առաջընթաց ասելով` Ալիևը նկատի ունի ԼՂ հարցում Հայաստանի բացարձակ կապիտուլյացիան, ԼՂ-ն ամբողջությամբ Ադրբեջանի կազմ վերադարձնելու` Երևանի համաձայնությունը: Նման նախադրյալներ, բնականաբար, չկան: Հետևաբար, բանակցությունները կարող են հետապնդել միայն երկու նպատակ: Առաջին` ԱՄՆ-ը կձգտի վերջնականապես չեզոքացնել այս փուլում շփման գծում միակողմանիորեն խաղաղապահներ տեղակայելու թեման: Երկրորդ` միջնորդները կփորձեն կանգնեցնել շփման գծում լարվածության մեծացման հետագա ընթացքը, ինչին գնալ Բաքուն չի ցանկանում: Պատահական չէ, որ հենց Նյու Յորքում բանակցությունների հերթական ռաունդից առաջ է ադրբեջանական զինուժը դարձյալ սադրիչ գործողությունների դիմում Տավուշի մարզի սահմանների ողջ երկայնքով` գնդակոծության և հրետակոծության թիրախ դարձնելով սահմանամերձ հայկական բնակավայրերը: Սա պարզ ու հասկանալի ուղերձ է միջնորդ երկրներին, որ այդ բանակցությունները Բաքվի համար ոչինչ չեն նշանակում և չեն նշանակելու նույնիսկ այդ դեպքում, երբ ինչ-որ հնարքով հաջողվի Ալիևին քարշ տալ Նյու Յորք:

Արևմուտքի հետ Բաքվի հարաբերությունների լարումը վերացնում է Արևմուտքի օգնությամբ բանակություններում դիրքային առավելության հասնելու` Բաքվի հույսերը: Դրան գումարվում են ադրբեջանական էներգակիրների և Ադրբեջանի նավթագազային ռեսուրսների հենքին էներգատար նոր նախագծեր կենսագործելու նկատմամբ եվրոպական երկրների` վերջին ամիսներին զգացվող հետաքրքրության ակնհայտ անկումը: Բաքուն կորցնում է ազդեցության հիմնական լծակները, կորցնում է վստահությունն իր նկատմամբ, և սա արագացնում է նրա միջազգային մեկուսացման գործընթացը, մղում փրկության խարիսխ նետել նույնպիսի մեկուսացման դատապարտված Ռուսաստանի հետ, որտեղ նրան սպասում են գրկաբաց: Վերջին օրերին Կրեմլին մերձ ռուսական փորձագիտական և քաղաքական շրջանակները Ադրբեջանին Արևմուտքից պաշտպանելու մի այնպիսի հզոր արշավ են սկսել, որ տպավորություն է, թե ճնշումները ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի նկատմամբ են կիրառվում: Այս հանգամանքը Ադրբեջանին և Ռուսաստանին դարձնում է յուրատեսակ հակաարևմտյան դաշնակիցներ` միաժամանակ մեծացնելով դրա դիմաց իրարից հնարավորինս մեծ քաղաքական դիվիդենդներ քաղելու` նրանց ձգտումները: Առավել ևս, որ կոնկրետ ԼՂ հիմնահարցի առումով մեկ կետում Մոսկվայի և Բաքվի շահերը կարծես թե համընկնում են` ԼՂ հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից հանելը:

Պարզ է, որ Նյու Յորքում բանակցություններ կազմակերպելու նախաձեռնությունը ԱՄՆ-ինն է: Այն հնարավորինս աննպատակ և անարդյունք դարձնելը Բաքվի համար ոչ միայն միջոց է իր նկատմամբ քաղաքականության դիմաց Վաշինգտոնին ապտակելու համար, այլև կոնկրետ քայլ` ՄԽ ձևաչափի մաշվածությունն ու անպետքությունը մեկ անգամ ևս ցուցադրելու, իբրև միջնորդի` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Այնպես որ` որքան էլ ՄԽ ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը Նյու Յորքի ճանապարհին մեծ հույսեր է կապում արտգործնախարարների հանդիպման հետ, իրականում այն լինելու է հանդիպում զուտ հանդիպման համար:

Գևորգ Դարբինյան  

 

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica