close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կայֆ բռնելու» համար չէ, որ թողնում ենք մեր երկիրը. Լևոն Մինասյան

Հարցազրույց

25 Օգոստոսի 2015, 17:03
 «Կայֆ բռնելու» համար չէ, որ թողնում ենք մեր երկիրը. Լևոն Մինասյան

Ֆրանսիահայ ռեժիսոր Լևոն Մինասյանն այս տարի կրկին մասնակցում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնին` իր «Սանդվիչ կղզու մարդը» ֆիլմով: Հիշեցնենք, որ Մինասյանն առաջին անգամ 2011-ին «Դաշնամուր» ֆիլմով է մասնակցել «Ոսկե ծիրան»-ին:

Մինասյանը ծնունդով Գյումրիից է, Ֆրանսիա է տեղափոխվել երկրաշարժից հետո: Կինոռեժիսորը Հայաստանում շատ է լինում, գնում Գյումրի և ցավով նշում է, որ Գյումրին տարեցտարի դատարկվում է: Մինասյանը նաև Վարդան Պետրոսյանին է հաճախ հիշում, կարծում է` ճիշտ չէ նրան կալանքի տակ պահելը: Yerkir.am-ի զրուցակիցն է Լևոն Մինասյանը:

 

Իմ ճանապարհները փակ էի տեսնում այստեղ

Հայաստանից հեռանալու և Ֆրանսիայում հաստատվելու պատճառները շատ են ու բազմազան, որովհետև երկիր թողնելը մեծ ողբերգություն է մարդու համար: Հենց այնպես` «կայֆ բռնելու» համար չէ, որ թողնում ենք մեր երկիրը ու գնում մեկ ուրիշ մշակույթ ունեցող երկիր: Ես իմ ճանապարհները փակ էի տեսնում: Գուցե սխալվել եմ, իմ ընկերներից շատերն այդ շրջանում մնացին Հայաստանում, դարձան ռեժիսորներ, հիմա ֆիլմեր են նկարահանում: Այն տարիներին փորձեցի ՎԳԻԿ ընդունվել, որն իմ մեծ երազանքն էր: 18 տարեկան էի, գնացք նստեցի, գնացի Մոսկվա, հասա ՎԳԻԿ, բայց ինձ ասացին, որ ես ոչ մի շանս չունեմ) այնտեղ սովորելու, քանի որ ընդամենը 7 տեղ էր հատկացված ռեժիսուրական բաժնին: Հետո… Հետո Գյումրու երկրաշարժը եղավ… Ամեն ինչ քանդվեց, և ինձ պետք էր վերապրել, վերագտնել իմ կյանքը, և ինձ համար այդ պահին լավագույն որոշումն ուղղակի գնալն էր:

 

Դրսի մասին հեքիաթները` մեղքը խոստովանելու ձև

Այստեղ շատերին թվում է, որ երբ գնում ես ինչ-որ երկիր, բոլոր դռները բացվում են քեզ համար: Հայաստանից քանի՞ միլիոն մարդ է դուրս գնացել: Պատկերացնո՞ւմ եք` եթե բոլորի առջև դռները բաց լինեին, մենք կունենայինք 1 մլն բիզնեսմեն, 1 մլն ռեժիսոր ու դերասան: Թող ոչ ոք չմտածի, որ դրսում իրենց գրկաբաց են սպասում, որ հենց գնան, նրանց բնակարան, ավտոմեքենա և աշխատանք են տալու: Այդ հեքիաթները պատմում են այն մարդիկ, ովքեր մտածում են, թե իրենք սխալ են գործել, որ չեն գնացել, իրենց մեղքը խոստովանելու ձև է: Ինձ համար որոշ չափով հեշտ էր հարմարվելը, քանի որ կար երիտասարդության ֆակտորը` 20-22 տարեկան էի, շատ մեծ էներգիա ունեի և կարողացա շատ արագ լեզուներ սովորել` անգլերեն, ֆրանսերեն, ինչը շատ օգնում է, քանի որ կան մարդիկ, ովքեր 30 տարի ապրում են մի երկրում, բայց այդպես էլ նորմալ չեն սովորում լեզուն: Ես կարճ ժամանակում սկսեցի մտածել ֆրանսերեն, իմ սցենարները հիմա ես ֆրանսերենով եմ գրում, հետո նոր թարգմանում եմ հայերեն: Չգիտեմ, գնալ-մնալու մասին այնքան էլ չեմ սիրում խոսել, մտածում եմ` միգուցե կարող էի շատ ավելի հաջողած լինել, ունենալ մի շարք լիամետրաժ ֆիլմեր, բայց դե, այսօր ունեցածովս էլ դժգոհ չեմ:

 

Գյումրին ոչ միայն չի փոխվում, այլև դեպի վատն է գնում

Տարեկան մի քանի անգամ որոշ ժամանակով գալիս եմ Հայաստան և պետք է ասեմ, որ, ցավոք, ամեն ինչ դեպի վատն է գնում: Խոսքը միայն Գյումրու մասին չէ, նույնն է նաև Երևանում և մարզերում: Երևանում էլ շատ բնակարանների դռներ փակ են, դուք նայեք ձեր հարևաններին. այսօր ձեր հին հարևաններից քանի՞սն են ձեր փողոցում ապրում: Գյումրիում այդ ամենն ավելի շատ է երևում, քանի որ կառավարական մակարդակով ձեռք չմեկնվեց կոտրված ողնաշարով քաղաքը վերականգնելուն: Կարող էին ամեն ինչ անել` ստեղծել հարկային ազատ գոտի, որ տնտեսությունը զարգանա, բայց ոչինչ չարեցին: Հիմա մայրս Գյումրիում է ապրում, մայրս ինձ հետ չմեկնեց, և դա նրա ընտրությունն էր:  Մայրս մի քանի անգամ եղել է Փարիզում, բայց նա տնից դուրս չէր գալիս, իսկ Գյումրիում դռները բաց են, հարևանները միշտ մեր տանն են, հարևանների երեխաները գալիս են` կոնֆետ ուտելու: Այսինքն` այս շփումը, որն ազգային հարստություն է Հայաստանի համար, շատ հազվադեպ կարող ես հանդիպել Ֆրանսիայում: Կուզեի, որ Հայաստանը չկորցներ այդ մարդկային ջերմությունը:

 

«Դուք` ուսանողներդ, ամենքդ ալ արտիստ եք»…

Այն, ինչին հասնում ես դրսում, միայնակ ես անում, այսինքն` ընկերներ կան, որ միշտ կողքիդ են, բայց հայ համայնքը ոչնչով չի օգնում քեզ: Ավելին` հայ համայնքը Եվրոպայում, մանավանդ` Ֆրանսիայում, շատ «սկլերոզացված» է: Երբ ես ուսանող էի, մի շարք հայ ուսանողների հետ փորձեցինք օգնություն հայցել, որ մեզ թոշակ տան, որպեսզի կարողանանք մեր ուսումը շարունակել: Ի պատասխան, ինձ ասացին. «Ամենքդ ալ արտիստ եք, դուք` ուսանողներդ»: Այսինքն` իրենց պետք էին բժիշկներ, փաստաբաններ, բայց երբ ես ասացի, թե չէ՞ որ մենք այսօր հպարտ ենք ձեր արտիստներով` Փարաջանովով, Անրի Վեռնոյով, ինձ ասացին. «Քեզ իրենց հետ մի՛ համեմատիր»: Հայ համայնքի հետ իմ շփումն այդքանով ավարտվեց:

 

Ֆրանսիայում գնահատում են օտար մշակույթը

Ֆրանսիայում օտար մշակույթը գնահատելու հետաքրքրություն կա, որը շատ ազգեր չունեն, օրինակ` ռուսները չունեն նման հատկություն: Տեսեք` ո՞ր երկիրն է ընդունակ արտադրելու հայերենով, հայկական սյուժեով, հայ դերասաններով ու ծագումով հայ ռեժիսորի ֆիլմ, իսկ  «Դաշնամուրը» ֆրանսիական արտադրություն է, այսինքն` կարճամետրաժ ֆիլմի ծախսերն /70 000 եվրո/ ամբողջովին վճարվել են ֆրանսիական կառավարության, տեղի կինոկենտրոնի կողմից:

 

Միգուցե այսքան չպե՞տք է սիրեի կինոն

Առաջին ֆիլմս ուսանողական էր: Այդ ժամանակ սովորում էի Ֆրանսիայում, և ընկերներիս հետ կյանքի կոչեցինք այն: Ֆիլմը 16 տարեկան երեխաների սիրո մասին էր, կոչվում էր «Գարնան սկիզբը»: Ես շատ կապված եմ եղել կինոյի հետ, փոքր տարիքից ես արդեն գիտեի, որ կինոյով եմ զբաղվելու, չնայած բացարձակապես չգիտեի` ինչ եմ անելու: Երևի հենց այդ սերը ինձ տարավ կինո, հենց այդ սերը մի շարք խնդիրների առջև ինձ կանգնեցրեց, երևի պետք էր ավելի քիչ սիրել, որովհետև եթե մեկին շատ ես սիրում, փախչում է քեզնից: Հիմա  չեմ աշխատում մեկ ֆիլմարտադրող ընկերության հետ, գրում եմ սցենարներ, դրանք ցույց տալիս պրոդյուսերներին և հետո սկսում նկարահանման աշխատանքները: Հայաստանում պրոդյուսերական դպրոցը շատ թերի է, թեև կան ազնիվ պրոդյուսերներ, օրինակ` Հրաչ Քեշիշյանը: Թե ինչ ֆիլմեր են նկարվում, դա հարցի մյուս կողմն է, խոսքը զուտ պրոդյուսերական աշխատանքի մասին է:

 

Վարդան Պետրոսյանի մասին շատ եմ մտածում

Վարդանը… Ես շատ եմ հարգում ու գնահատում նրան: Կուզենայի, որ Վարդանի հետ վարվեին ոչ թե որպես հանցագործի: Նրան մեկուսացրել են հասարակությունից, որ հասարակությանը վնաս չտա՞, արդյո՞ք Վարդանն այնքան վտանգավոր հանցագործ է, որ այսքան պետք է բանտում նստեր: Վարդանին բանտում պահելն ազգային ամոթ է:

 

Աղջկաս փորձում եմ տալ այն ամենն, ինչ ես չեմ ունեցել

Ես շատ կուզենայի, որ աղջիկս կինոյով զբաղվեր, բայց նա կինոյով հետաքրքրված չէ, նա ձիերով է հետաքրքրված: Ամեն մարդ ազատ է` որոշելու իր ճանապարհը: Ես նրան կտամ բոլոր այն հնարավորությունները, որ ես ունեմ, կսովորեցնեմ այդ արվեստը: Այն, որ մենք դժվար կյանք ենք ունեցել, չի նշանակում, որ մեր երեխաներն էլ պետք է այդ ճանապարհով անցնեն: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ նրանց կյանքը հեշտացնենք:  Ամիսը մեկ անգամ ես աղջկաս հետ Լուվր եմ գնում, մենք միասին շատ ենք ճանապարհորդում: Հասկանո՞ւմ եք`  փորձում եմ նրան տալ այն, ինչ ես չեմ ունեցել: Հիմա ուզում եմ լիամետրաժ ֆիլմ նկարել, բայց ուզում եմ, որ այն հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն լինի: Տեսնենք` ինչ կստացվի…

 

Կարինե Հարությունյան

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica