close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր առանձնատների պարիսպները հանեք և մեր երկիրը պարսպապատեք. Սարգիս Նազարյանի մոր հորդորը

Հասարակություն

28 Հունվարի 2015, 17:00
 Ձեր առանձնատների պարիսպները հանեք և մեր երկիրը պարսպապատեք. Սարգիս Նազարյանի մոր հորդորը

Ադրբեջանական զինուժի կողմից խոցված «Մի-24» ուղղաթիռի կողային տեխնիկ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը ուզում էր ավտոժիր հավաքել` փոխադրամիջոց, որը և' ավտոմեքենա է, և' ուղղաթիռ: Մայրը` Հեղինե Ղազարյանը, պատմում է, որ ամեն օր աշխատանքից հետո տանը ժամերով նստում էր համակարգչի մոտ, ուսումնասիրում ավտոժիրների տեսակները, սարքելու տարբերակները:

 

«Քանի որ ո'չ ավտոմեքենա է, ո'չ էլ ուղղաթիռ, դրա պատրաստման համար հատուկ թույլտվություն պետք չէ, բյուրոկրատական այդ քաշքշուկներից հեռու է: Ինքն էլ սիրում էր թռչել: Մտածում էր, որ Հայաստանում ապագա ունեցող սարք կլինի, տեղանքը լեռնային է, մարդիկ կան, որ սիրում են ճանապարհները հաղթահարել հեշտ ու հետաքրքիր ձևով»,- որդու երազանքի մասին պատմում է մայրը:

 

Տիկին Հեղինեի խոսքով` ավիացիայի հանդեպ Սարգսի սերը դեռ մանկուց է նկատվել. հայրը ինժեներ է եղել, զբաղվել է նաև ավիամոդելավորմամբ, որդու հետ ինքնաթիռների մոդելներ է հավաքել: «Դա ավելի շատ պապայի որոշումն էր, չնայած մանուկ ժամանակ բոլոր նկարներում ավտոմեքենաներ ու ինքնաթիռներ էր նկարում»,- ասաց տիկին Հեղինեն:

 

Մայրը հիշում է, թե ինչ պատասխանտվությամբ էր Սարգիսը պարապում` Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ ընդունվելու, իսկ հետագայում լավ մասնագետ դառնալու համար. «Չորս տարի սովորել էր և չորս տարի աշխատեց: Գերազանց, փայլուն էր սովորում, ամեն քննությունից հետո զանգում էր, ասում` հինգ եմ ստացել: Եվ պարապում էր շատ մեծ պարտքի զգացումով: Ես արթնանում էի գիշերվա ժամը չորսին, տեսնում` Սարգիսը նստած պարապում է, ասում էի` քնի, Սարգի'ս ջան, ասում էր` մա'մ, ես ինձ հանձնարարություն եմ տվել, պիտի կատարեմ: Էդ ժամանակ նա 16 տարեկան էր: …Շատ լավ պարապեց, պատրաստվեց, ամենաբարձր միավորներով ընդունվեց, էդպես էլ առաջին օրից սովորեց»:

 

Տիկին Հեղինեն ասում է` որպես զինվորի մայր` իր օրինակը ո'չ վարակիչ, ո'չ էլ ուսուցանող, քանի որ ինքը շարքային քաղաքացի է, այլ բան կլինի պաշտոնյաների դեպքում: «Եթե մեր նախարարների, պատգամավորների տղաները լինեին սահմանային գոտում, ես համոզված եմ, որ այդ ժամանակ այդ պարիսպները, որ կառուցված են իրենց առանձնատների շուրջը` տեսախցիկներով, կառուցված կլինեին մեր երկրի շուրջը, և այդքան անմեղ զոհեր չէին լինի: Էդ պարիսպները հանենք ու մեր երկիրը պարիսպներով պատենք` սիրո, հոգատարության, անձնազոհության պարիսպներով»,- ասաց տիկին Հեղինեն:

 

Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվեցին անձնակազմի ղեկավար Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և կողային տեխնիկ Սարգիս Նազարյանը:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica